Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

Նորածնին կրծքով կերակրում

Նորածնին կրծքով կերակրում

Նորածնի համար մայրական կաթը լիարժեք սնունդ է, որին համարժեք փոխարինող միջոց մինչ օրս չի ստեղծվել: Այն պարունակում է նորածնին անհրաժեշտ բոլոր նյութերը: Հետազոտություններով պարզվել է, որ մոր կաթն իր քանակական և որակական կազմով համապատասխանում է հենց իր` երեխայի անհատական պահանջներին:

 

Այն իր բաղադրությամբ նմանակը չունի: Մայրական կաթը մարսվում է հեշտությամբ, պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, միկրոտարրեր, սպիտակուցներ (լակտոֆերին, իմունոգլոբուլին, լիզոցիմ), որոնք պաշտպանում են երեխային վարակներից, պաշտպանիչ դեր են կատարում ախտածին միկրոօրգանիզմների դեմ պայքարում և ձևավորում են մանկան իմունիտետը: Կրծքով կերակրվող երեխան հիվանդությունների նկատմամբ դառնում է անընկալունակ, փոքրիկի մոտ ստամոքսի խանգարումների, ալերգիաների, ռախիտի առաջացման վտանգը նվազում է 2-4 անգամ, իսկ հետագայում կանխարգելվում են ճարպակալումը, շաքարային դիաբետը, ասթման: Մայրական կաթը դրականորեն է ազդում երեխայի ֆիզիոլոգիայի, մտավոր, հուզական և հոգեկան զարգացման վրա:

 

Ինչու է կարևորվում նորածնին կրծքով կերակրումը 


Նորածնի ճիշտ և ռացիոնալ կերակրումը շատ կարևոր է նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման համար: Հասուն, առողջ նորածնին ներկայումս մոտեցնում են մոր կրծքին անմիջապես ծնվելուց հետո` մոր և մանկան համատեղ կեցությունն ապահովելու համար: Մինչև 6 ամսական երեխաներին խորհուրդ է տրվում կերակրել բացառապես կրծքի կաթով, կերակրման ազատ ռեժիմով, ըստ երեխայի պահանջի և առանց գիշերային ընդմիջումների: Խորհուրդ չի տրվում տալ ջուր, թեյ, հյութեր£ Հավելյալ սնունդը կարելի է տալ սկսած 6 ամսականից, որոշ երեխաների (որոնք կազմում են շատ փոքր տոկոս)` 4-5 ամսականից£ Կրծքով կերակրումը օգտակար է ոչ միայն մանկիկի, այլև մոր առողջության համար. կրծքով կերակրող մոր օրգանիզմը հետծննդյան շրջանում ավելի արագ է վերականգնվում: Այսպես, կուրծք ուտելու ժամանակ մոր մոտ արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը նպաստում է հղիության ընթացքում մեծացած արգանդի կրճատմանը: Կրծքով կերակրող մայրերն ավելի հազվադեպ են հիվանդանում կաթնագեղձերի և ձվարանների քաղցկեղով:

 

Սրանով, սակայն, չեն սահմանափակվում այդ առավելությունները: Կրծքով կերակրման ժամանակ մոր և մանկիկի միջև առաջանում է հոգեկան և զգացմունքային կապ: Մայրն արագ է դուրս գալիս հետծննդյան ճգնաժամից, իսկ երեխան հետագայում լինում է ավելի հանգիստ և հավասարակշռված: Միայն մայրը կարող է իր երեխային տալ այն, ինչ աշխարհում ոչ ոք չի կարող:

 

Օգտակար խորհուրդներ կրծքով կերակրողներին


  • Երեխային կերակրեք ըստ պահանջի, երբ կամենա, օրվա և գիշերվա ընթացքում, իսկ 2-3 ամսից հետո աշխատեք, որ կերակրումների միջև եղած ընդմիջումը լինի 3-4 ժամ:

  • Կերակրելիս հարմարավետ դիրք ընդունեք և թուլացեք: Մինչ այդ կարելի է կրծքերին տաք թրջոցներ դնել, թեթևակի մերսել` կրծքերի շուրջը ձեռքը հիմքից դեպի հարպտուկային շրջանակը գալարաձև շարժելով և մեղմորեն շոյելով:

  • Երեխային ճիշտ դիրքով կերակրեք, այնպես, որ նա ծծելիս բերանն առնի ոչ միայն պտուկը, այլև ամբողջ պտուկամերձ շրջանը: Ուշադիր եղեք, որ նա կարողանա քթով հանգիստ շնչել, այլապես կարող է ծամելով պտուկը վնասել, իսկ եթե կաթնածորանները սեղմի` կաթ չի ստանա, որն էլ կհանգեցնի կաթնարտադրության նվազման: 

  • Ամեն անգամ կերակրելիս առաջարկեք երկու կուրծքն էլ, ցանկալի է մի քանի անգամ:

  • Կերակրելուց հետո մնացած կաթը կթեք և տվեք բաժակով կամ գդալով, որպեսզի հետագայում մաստիտ չառաջանա:

  • Եթե երեխան երկար է քնում, ուտել չի պահանջում և վատ է աճում, յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ արթնացրեք և կերակրեք:

  • Եթե նա անհանգիստ է և հրաժարվում է կրծքից, փորձեք հանգստացնել ու նորից կերակրեք:

  • Թույլ տվեք, որ նա կուրծքը ծծի նաև հաճույքի համար: Սովորաբար երեխան կուրծքը դատարկում է 10-15 րոպեում: Երբեմն շարունակում է ծծել` բավարարելու համար ծծելու պահանջը, սակայն կրծքի մոտ 30 րոպեից ավելի մի պահեք, որպեսզի պտուկի վրա ճաքեր չառաջանան:

  • Ուտելիս երեխան օդ է կուլ տալիս, դրա համար կերակրելուց անմիջապես հետո մի պառկեցրեք: Պահեք նրան ուղղահայաց դիրքում, թեթև շոյելով մեջքը և սպասեք մինչև գղտա: 

  • Մոր հոգեկան ու նյարդային վիճակը մեծ ազդեցություն ունի կաթնագեղձերի գործունեության վրա: Նրա տրամադրությունն ազդում է կաթի քանակի վրա, ուստի աշխատեք հանգիստ լինել, խուսափեք հուզումներից և ավելորդ հոգսերից, հնարավորության դեպքում ավելի շատ հանգստացեք:

  • Աշխատեք հեղուկներ շատ խմել:

  • Պետք չէ երեխային ջուր կամ այլ հեղուկներ տալ:

 

Կրծքով կերակրելիս հաճախ հանդիպող դժվարություններն են անբավարար կաթնարտադրությունը, պտուկների ցավոտությունն ու ճաքերը, կրծքագեղձի գերլցվածությունը, կոշտացումը, բորբոքումը` մաստիտն ու թարախակույտը (աբսցես), կաթնածորանի խցանումը:

Այս բոլոր վիճակների կանխարգելման լավագույն միջոցը երեխայի ծննդյան պահից ի վեր նրան ըստ ուտելու պահանջի և ճիշտ դիրքով կերակրելն է:

 

Մայրը հաճախ է անհանգստանում և մտահոգվում, արդյո՞ք երեխան բավականաչափ կաթ է ստանում, թե ոչ, հատկապես, երբ շատ է լացում, հաճախակի կամ երկարատև ուտել է ուզում, իսկ կերակրելուց հետո կարծեք բավարարված չէ, կերակրելիս նյարդայնանում է կամ հրաժարվում կրծքից, ծծում է մատները կամ հագուստը:

 

Հիշեք, գրեթե բոլոր կանանց կաթնագեղձերը կարող են բավականաչափ կաթ արտադրել մինչև երեխայի 6 ամսական դառնալը` միայն կրծքով կերակրելու համար (անգամ զույգերին):

 

Այս նշանները, սակայն, ոչ միշտ են վկայում այն մասին, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում: Ավելի հավաստի նշաններ են երեխայի քաշի ավելացումը և միզարձակման հաճախականությունը: Եթե միայն կրծքով սնվող երեխայի քաշն առաջին վեց ամիսների ընթացքում ավելանում է ամսական 500գ-ով կամ ավելի, ուրեմն նա բավարար քանակությամբ կաթ է ստանում:

 

Երեխայի բավարար չափով կաթ չստանալու հիմնական պատճառներն են` կրծքով կերակրման ուշ սկսելը, կարճատև կերակրումները, գիշերային ժամերին չկերակրելը, լրացուցիչ սնունդ կամ ժամանակից շուտ այլ սնունդ տալը, ծծակի և շշի օգտագործումը, երեխային սխալ դիրքով կերակրելը, մոր կասկածը, տագնապը, անվստահությունը կերակրելու իր կարողության նկատմամբ:

 

Առաջին 6 պատճառների դեպքում կրծքագեղձերը բավականաչափ չեն խթանվում և քիչ կաթ են արտադրում: Վերջին 3-ի դեպքում կաթը բավարար քանակությամբ է արտադրվում, բայց լավ չի արտամղվում: Երեխան կաթը դժվարությամբ է ստանում, գեղձերը լավ չեն դատարկվում և հաջորդ անգամ ավելի քիչ են լցվում: Անբավարար կաթնարտադրության ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են մոր նոր հղիությունը, հակաբեղմնավորիչ հաբերի, միզամուղների օգտագործումը, ծայրաստիճան հյուծվածությունը, ծխելը և այլն:

 

Եթե ինչ-ինչ պատճառներով կաթի քանակությունը պակասել է և երեխան լավ չի աճում ու քիչ է միզում, մի հուսահատվեք և շարունակեք նրան մոտեցնել կրծքին: Նախքան լրացուցիչ կամ ժամանակից շուտ այլ սնունդ տալը, անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ: Հիշեք, մինչ լրացուցիչ սնունդ տալը յուրաքանչյուր անգամ պետք է կերակրել երկու կրծքով, հետո նոր լրացուցիչ կաթնախառնուրդ տալ, այն էլ բաժակով կամ գդալով: Խորհուրդ չի տրվում այն շշով կամ ծծակով տալ, քանի որ երեխան շատ արագ կհրաժարվի կրծքից: 

 

Խորհուրդ չի տրվում որպես լրացուցիչ սնունդ օգտագործել կովի կաթը, մածունը, նոսր շիլան: Կովի կաթը երբեք չի կարող փոխարինել մայրականին, քանի որ նրա մեջ հիմնական սննդանյութերի` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը տարբեր է: Մայրական կաթի սպիտակուցներն ավելի հեշտ են մարսվում և իրենց կառուցվածքով համապատասխանում են երեխայի օրգանիզմի պահանջներին: Ճարպերը կարևոր են երեխայի ուղեղի զարգացման համար: Կնոջ կաթը պարունակում է այնպիսի ածխաջրատներ (օրինակ` բետա-լակտոզա), որոնք կանխում են աղիքային ցուպիկի աճը: Մինչդեռ կովի կաթի շաքարային բաղադրամասը (ալֆա-լակտոզան) նպաստավոր միջավայր է այդ ցուպիկի աճման համար, որի պատճառով կովի կաթով սնվող երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ստամոքսաաղիքային սուր խանգարումներով: Կովի կաթով սնվող երեխան պետք է անընդմեջ գտնվի բժշկի հսկողության տակ և լրացուցիչ ստանա վիտամինային և սննդային մյուս անհրաժեշտ հավելումները:

 

Կրծքով կերակրող մոր սննդակարգը


Կրծքով կերակրման շրջանում մոր սննդակարգը պետք է լինի առավելագույնս հավասարակշռված, լիարժեք և երեխայի համար անվնաս: Մայրական կաթի օգտավետությունն անմիջապես որոշվում է դրա որակով ու քանակով: Կաթի մեջ պարունակվող սպիտակուցի քանակը կապված չէ մոր ընդունած սպիտակուցի քանակի հետ, իսկ ահա ճարպերի, վիտամինների և հանքանյութերի քանակի համար ամբողջությամբ պատասխանատու է մայրիկը: 

 

Կրծքով կերակրելու ժամանակաշրջանում բոլոր սննդանյութերի հանդեպ մոր օրգանիզմի պահանջը մեծանում է: Մոր կաթը նորածնի միակ սնունդն է, հետևաբար երեխայի կյանքի առաջին կես տարվա ընթացքում մոր սննդակարգը 500-600 կալորիայով պետք է գերազանցի հղիության ընթացքի համար նախատեսված սննդակարգին, որը կօգնի կնոջ օրգանիզմում լրացնել վիտամինների և միկրոտարրերի պակասը: Այն պետք է ներառի բոլոր հիմնական սննդային խմբերը` միս և ձուկ, կաթնամթերք, բուսական յուղ, կարագ, ձու, հաց, շիլաներ, մակարոնեղեն, բանջարեղեն, միրգ, հատապտուղներ, հյութեր, քաղցրավենիք և հրուշակեղեն: Ամեն ինչ, սակայն, պետք է լինի չափավոր: Ոչ ճիշտ հաշվարկված սննդակարգի հետեվանքով երեխայի մոտ կարող են առաջանալ ալերգիա, ռախիտ, գազեր: Ալերգիաներից խուսափելու համար չի կարելի չարաշահել շոկոլադը, մեղրը, ցիտրուսային մրգերը, պետք է հրաժարվել ապխտած, հնացած սննդից, համեմունքներից, կծու, թթու, աղի ուտելիքից, պահածոներից, մարինադներից, երշիկեղենից: Ցանկալի չեն նաև ստամոքսաաղիքային համակարգի խանգարում առաջացնող խաղողի, ինչպես նաև հրուշակեղենի, քաղցր կաթնաշոռի, պանրիկների, ալկոհոլային խմիչքի կամ շիլաների և շաքար պարունակող այլ սննդատեսակների օգտագործումը: Սխտորը, սոխը կարող են փոխել կաթի համը` վանելով երեխային դրանից:

 

Տավարի, հավի, խոզի անյուղ միսը, ձկնեղենը որպես սպիտակուցի աղբյուր պարտադիր են: Կաթնամթերքն ապահովում է կալցիումով: Միրգը և բանջարեղենը նույնպես պարտադիր են: Ցանկալի է սկսել խնձորից, այնուհետև ավելացնել թթվային փոքր պարունակությամբ այլ մրգեր: Նախընտրելի է կանաչ գույն ունեցող բանջարեղենը, իսկ գունավորը` օգտագործել ապուրների մեջ: Քաղցրի մեծ պահանջի դեպքում կարելի է ուտել մարմելադ, չիր, մուրաբա, հացաբուլկեղենից` փխրուն չորաբլիթներ, իսկ շոկոլադե տորթերից` հրաժարվել:

 

Կաթնարտադրությունն ավելացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սև և սպիտակ բրինձ, լոբի, խաշած ոսպ, բոված կտավատ, քունջութ, ձուկ, մասուր, խնձոր, ընկույզ, գազար, չամիչ, կաղամբ, անիսոնից, եղինջից, սամիթի սերմերից պատրաստած թուրմ կամ թեյ, ինչպես նաև յոդացված աղ: Կերակրող մայրը օրական երկու և ավելի լիտր հեղուկ պետք է խմի, ցանկալի է ուտելուց 2-3 ժամ հետո կամ առաջ: 

 

Կարելի է օգտագործել նաև C, B1, B2, B6, B12 վիտամիններով և միկրոտարրերով` երկաթ, ֆոլաթթու, յոդ, կալցիում, սելեն, ցինկ և այլն, հարուստ սնունդ: Այդ պահանջարկը բավարարելու և երեխային անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով և միկրոտարրերով հարուստ սննդով ապահովելու նպատակով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում օգտագործել հղիների և կերակրող մայրերի համար նախատեսված վիտամինային համալիրներ: 

 

Կերակրող մոր համար շատ կարևոր է նաև աղիքների կանոնավոր աշխատանքը: Դրանք պետք է գործեն ամեն օր, ծայրահեղ դեպքում 48 ժամը մեկ: Փորկապությունը կանխելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել բավականաչափ միրգ, բանջարեղեն, առանց շաքարի կաթնաթթվային մթերք, վարսակի և հնդկաձավարի շիլա, հյութեր, կոմպոտներ և հատապտուղներ:

Հեղինակ. Գայանե Ավագյան բ.գ.դ., ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Մելինե, շատ հեղուկ և թեյ խմելուց Ձեզ մոտ լակտացիան չի տուժի: Փորձեք սննդային ռացիոնում ավելացնել նաև ձավարեղեն: 

Մելինե

20.07.2014

Բարև ձեզ.Ես կերակրում եմ իմ փոքրիկին,սակայն օգտագործում եմ օրական 2 և ավելի լիտր հեղուկ // քաղցր թեյ//,խնդրում եմ ասեք,շատ թեյի օգտագործումը կարող է հանգեցնել կաթի նվազեցման.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ